Երևանի քաղաքապետարանի Yerevan Municipality կոչվող ֆեյսբուքյան պաշտոնական էջն ապաակտիվացրել են մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարմանն ընդառաջ: Էջում, ավելի վաղ, գրառում էր հրապարակվել, համաձայն որի այն այլևս չի ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը:

Ապաակտիվացվել է նաև թվիթերյան էջը, իսկ քաղաքապետարանի յութուբյան ալիքից ջնջվել են բոլոր տեսանյութերը: Քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքում դրված հղումները դեպի ՖԲ- և թվիթերյան էջեր չեն աշխատում՝ վերջիններիս ապաակտիվացման պատճառով։

Հատկանշական է նաև, որ քաղաքապետարանի կայքէջի «Քաղաքապետ» խորագրից հանվել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կենսագրությունը, սակայն այնտեղ չի տեղադարվել Մարությանի կենսագրությունն ու լուսանկարը՝ մնալով դատարկ: