ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ՝ կապված մամուլում շրջանառվող այն տեղեկությունների հետ, թե իբր հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի տարածքում խոհրդարանը ցրելու պահանջով հանրահավաքի մասնակիցները բռնություն են գործադրել պատգամավորի նկատմամբ:

Առաքելյանը ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։ Ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։ Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար և խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն։

Ավելի վաղ, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն ասել էր, թե բռնություն է գործադրվել Ռուզան Առաքելյանի հանդեպ և հորդորել էր վարչապետին հանձնարարել իրավապահ մարմիններինն նյութեր նախապատրաստել:

ՀՀԿ-ական պատգամավորն ասել էր նաև, որ հոկտեմբերի 2-ի հանրահավաքին «ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել էր հանձնարարել իրավապահներին ուսումնասիրել Աշոտյանի հրապարակած տեղեկությունը:

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ տեղեկությունները չեն հաստատվել:

«Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա», - ասել է վարչապետը։