Հոկտեմբերի 6-ին արդեն 10-րդ անգամ տեղի կունենա «Արենի գինու փառատոնը»: Փառատոնն այս տարի նվիրվում է հայազգի լեգենդ, մեծանուն երգահան Շառլ Ազնավուրին:

Փառատոնի կազմակերպիչն է «Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի և համայնքների միության աջակցությամբ:

Փառատոնի երաժշտական գործընկերն է Paparazzi Group-ը, գինեգործների համար կազմակերպվող մրցույթի շրջանակներում փառատոնի գործընկերն է EVN գինու ակադեմիան։ Գինու փառատոնը այս տարի ևս տեղի կունենա Վայոց ձորի Արենի գյուղում:

Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:

Արենի գինու փառատոնի շրջանակներում այս տարի ևս տեղի կունենա մրցույթ ինչպես գործարանային գինի արտադրողների, այնսպես էլ տնայնագործների շրջանում:

«Ջի-Այ-Զեթ» Հայաստանի աջակցությամբ, «Արենի» Փառատոն» հիմնադրամի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի նախաձեռնությամբ գործարանային գինի արտադրողների մրցույթն անցկացնելու համար Հայաստան են հրավիրվել միջազգային ճանաչում ունեցող գինու փորձագետներ: Իսկ տնայնագործների գինու մրցույթը կիրականացնեն Երիտասարդ գինեգործների միությունը ՀՀգյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:

Փառատոնի շրջանակներում գյուղի ամբողջ երկայնքով տեղի և հարակից շրջանների բնակիչները ներկայացնում են իրենց գինիները, ազգային կերակրատեսակները, հուշանվերները: Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում արտադրական գինեգործները, ներկայացնում են մոտ 100 տեսակի գինի, ռեստորանները, առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված է պանիրների լայն տեսականի և այլոք: