Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ գրասենյակի և Բուենոս Այրեսի «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջև համագործակցության ծրագրի ստորագրման արարողությունը, որով ազդարարվեց «Matching projects» ծրագրի մեկնարկը:

Համաձայն կնքված համաձայնագրի` 2018թ. համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Հայաստանի մասնաճյուղին կտրամադրի 120 000 ԱՄՆ դոլար` 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով դեռևս չհաղթահարված խնդիրների լուծման նպատակով:

Վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է նաև Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Բուենոս Այրեսի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համատեղ միջոցների հանգանակություն և տարբեր ծրագրերի իրականացում Հայաստանում և Արգենտինայում: