ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իրեն է վերագրել բաներ, որն ինքը չի ասել» խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում:

Պատգամավորը մասնավորապես գրել է, որ ինքը ելույթի ընթացքում ասել է՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն լուծարելու պահանջով հանրահավաքի ընթացքում «մեքենաներ են վնասել», սակայն «խոսքը չէր գնում ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ ԶԼՄ-ներ են փորձել ուղղորդված ներկայացնել»:

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ տեղեկությունները չեն հաստատվել: Նա առաջարկել էր, Աշոտյանին հատ-հատ հրապարակել դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա: Աշոտյանը իր գրառման մեջ անձամբ չի հիշատակել որևէ կոնկրետ դեպք, այլ գրել է, որ այդ դեպքերի մասին հիշատակել է մամուլը:

Անդրադառնալով ԱԺ «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպին, Աշոտյանը հիշեցրել է, որ նա չի օգտագործել «բռնություն» բառը, փոխարենն ասել է, որ իրավապահները պետք է զբաղվեն «երեկ տեղի ունեցածով» (նկատի ունի՝ հոկտեմբերի 2-ի հավաքի ընթացքում պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով):

Մինչև այդ՝ հոկտեմբերի 3-ին, պատգամավոր Առաքելյանը, հերքելով իր նկատմամբ ցուցարարների կողմից բռնություն գործադրելու մասին մամուլում շրջանառվող լուրերը, իր հետ կապ հաստատած ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հետաքննության գծով տեղակալին ասել էր, որ իր հետ «տեղի ունեցածը» թեթև վեճ էր հավաքին մասնակցած կանանցից մեկի հետ: