ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավաստիացնում է, որ սահմանին իրավիճակը կայուն է։

«Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակի կայունությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածության հետ, արդյոք նախարարն է՞լ է այդ կարծիքին, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.

«Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը: Եվ դա մենք իրականացնում ենք»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ վարչապետը հայտարարել է հրաժարականի դիմում ներկայացնելու մասին, արդյոք դա չի ազդի սահմանային լարվածության վրա, պաշտպանության նախարարն ասաց, որ ինքն այդպես չի կարծում:

«Ամեն դեպքում, մենք այս պահին հրադադարը պահպանում ենք և, եթե քաղաքական իրավիճակով պայմանավորված լինի իրավիճակի փոփոխություն՝ Զինված ուժերն իրենց առաջադրանքը կկատարեն»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը: