Այսօր իշխանության միակ մտահոգությունը որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններն անցկացնելն է
«Իրատես» թերթը գրում է.
«Հասկանալի է, որ այսօր իշխանության միակ մտահոգությունը որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններն անցկացնելն է, սակայն մինչ այդ պետք է հասկանալ նաև, որ կան տնտեսություն, խնդիրներ, հրատապ հարցեր, որոնք օր առաջ են լուծում պահանջում։ Խնդիրների հանդեպ անտարբերության վկայությունն էր ԱԺ-ի հերթական նիստերին ներկայացված հարցերի քանակը, որոնց քննարկումը երկու ժամ էլ չտևեց։ ԱԺ նիստի օրակարգում էր ընդամենը վեց հարց, որից երեքն էր կառավարությունը ներկայացրել, դրանցից երկուսն էլ երկրորդ ընթերցման ընթացակարգով էր։ Այսինքն, պարապուրդի մատնված կառավարություն և խորհրդարան։ Որքան օրենսդրական հարցեր կան կարգավորելու, բայց՝ ո՜չ, մեզ միայն արտահերթ ընտրություններն են հուզում, ինչպես ասում է Փաշինյանը, մարդիկ զանգում են իրեն ու ասում՝ ե՞րբ եք արտահերթ ընտրություններ անցկացնում։
Ի դեպ, եթե այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տնտեսության զարգացման համար պետք է կանխատեսելիություն, կայունություն, ինչը ենթադրում է, որ արտահերթ ընտրությունները պետք է շուտ անցկացվեն, ընդամենը ամիսներ առաջ նա այլ բան էր ասում.
«Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը»։ Քիչ ուշ էլ.
«Անկեղծ ասած, չեմ հասկանում, որ ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս Հայաստանում կայունության թեման: ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, ու այդ ժամանակ ՀՀ-ում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: Խոսում են անկայունության մասին, քաղաքացիական պատերազմի մասին. ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչն է անկանխատեսելի: ՈՒզում եք ես ինձ միապետ հայտարարեմ, որ դա լինի կայունությո՞ւն»։
Մի կողմ թողնենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի շտապողականությունը և խնդիրը դիտարկենք տնտեսական «նպատակահարմարության» տեսանկյունից։ Կասկած չի կարող լինել, որ կառավարությունը շատ լավ հասկանում է` 2019թ-ի բյուջեով նախատեսված ծրագրերը չի կարող կյանքի կոչել, եթե այսքան մեծ պասիվություն կա ներդրումների առումով։ Այսինքն, եթե ընտրությունները հետաձգեն մինչև մայիս-հունիս ամիսներ, հնարավոր է ոչ միայն վարկանիշի անկում գրանցվի, այլև տնտեսությունը վերջնականապես ձեռքից գնա։ Ահա և ափալ-թափալ ուզում են հորով-մորով անել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Դե ինչ, սպասենք զարգացումներին»: