«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստացրել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին: Մասնավորապես, ըստ տեղեկությունների` ՀՀ-ում եվրոպական երկրների մի շարք դեսպաններ, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, ՀՀ իշխանությունների մոտ մտահոգություն են հայտնել, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է որևէ խոչընդոտ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված բարձրաստիճան հյուրերի, մասնավորապես` իրենց երկրների ղեկավարների անվտանգության ապահովման մասով:

Սակայն ՀՀ իշխանությունները հավաստիացումներ են տվել, որ որևէ խնդիր, որևէ անհարմարություն չի լինի:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ կառավարության աշխատակազմից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դեսպաններից ահազանգեր կամ մտահոգություններ չեն ստացել:

Իսկ մինչ այդ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները դժգոհում են, որ վարչապետի անունից իրենք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել. նման հրավեր չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ո՛չ ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանին»: