Փարիզում տեղի ունեցավ լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակի արարողությունը: Ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Ներկա էին նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:

Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը հատուկ արարողակարգով: «Ազգային հարգանքի տուրքը» ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է, որին արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրն առաջին երգիչն է, որի հրաժեշտի արարողությունը կատարվում է այս արարողակարգով:

Հաշմանդամների տունը գտնվում է Փարիզի պատմական մասի ամենակենտրոնում, ներկայում այս շենքում Ֆրանսիական ռազմական թանգարանն է։ Այստեղ են գտնվում նաև Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

Լեգենդար շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։