Պաշտպանության բանակի զորավարժություններում հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր են կիրառվել
Արցախի բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում առաջին անգամ կիրառվել են Արցախում թողարկված անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Հոկտեմբերի 4-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվեց մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն: Այն առանձնահատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ: Այդ օրն առաջին անգամ մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր», - գրել է նա:
Ըստ Հասրաթյանի՝ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախում և ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բոլոր անհրաժեշտ չափորոշիչները:
«Հավելենք նաև, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը», - գրել է նա:
Հայկական զինանոցում հիմնականում սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր են` «Կռունկ» սերնդի և «Բազե» անօդաչուները:
Ադրբեջանը, չնայած ունի սեփական արտադրության ԱԹՍ, սակայն հիմնականում օգտագործում է Իսրայելի արտադրության սարքերը, որոնց մի մասն, այնուամենայնիվ, հավաքվում է Բաքվում: Խոսքը մասնավորապես Orbiter և Aerostar մոդելների մասին է: