ԱՄՆ Սենատը Գոլոդոմորը ճանաչել է ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն
ԱՄՆ Սենատը միաձայն բանաձև է ընդունել 1932-33թթ. մեծ սովը՝ Գոլոդոմորը, ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ:
«Շնորհակալ ենք ԱՄՆ Սենատին և բանաձևի գլխավոր համահեղինակներ Ռոբերտ Պորտմանին և Ռիչարդ Դուրբինին այդ պատմական որոշման համար», - հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը:
Ընդունված փաստաթղթում դատապարտվում են մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները, այդ թվում ինքնորոշման և խոսքի ազատության ոտնհարումը, որ կատարել են ԽՍՀՄ իշխանություններն ուկրաինացի ժողովրդի դեմ, ինչպես նաև խորին ցավակցություն է հայտնվում սովի զոհերին և նրանց հարազատներին, գրում է Deutsche Welle-ն:
Բացի այդ, բանաձևով կոչ է արվում տարածել տեղեկատվությունը ուկրաինացի ժողովրդի ողբերգության մասին՝ իրազեկվածությունն աշխարհում բարձրացնելու նպատակով:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը, նմանատիպ բանաձևի նախագիծ է ընդունել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն, որը քննարկվելու է նաև ընդլայնված նիստում:
Ըստ Ուկրաինայի Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, Ուկրաինայի կորուստները 1932-34թթ. գոլոդոմորի հետևանքով զանգվածային մահացության պատճառով կազմել են 3,9 մլն մարդ, ինչը կազմում է Ուկրաինայի բնակչության 13 տոկոսը: Ըստ հետազոտողների, այդ շրջանում ԽՍՀՄ-ում ընդհանուր առմամբ սովից մահացել է 8,7 մլն մարդ: