Սիցիլիական Կատանիա նահանգում այս գիշեր 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա, Սանտա Մարիա դի Լիկոդիա քաղաքի շրջանում: Ստորգետնյա ցնցումները զգացել են սիցիլիական մի շարք խոշոր քաղաքների, այդ թվում՝ Կատանիայի, Սիրակուզայի ու Մեսինայի բնակիչները:

Չի բացառվում, որ երկրաշարժը կարող է կապված լինել Էթնա հրաբխի ակտիվության հետ:

Տեղի հրշեջ-փրկարարական ծառայության համաձայն՝ Սանտա Մարիա դի Լիկոդիայում, ինչպես նաև հարևան բնակավայրերում գրանցվել են փլուզումներ, մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել:

Նշվում է, որ այս շրջանների բնակիչները խուճապահար լքել են իրենց տներն ու գիշերն անցկացրել բաց երկնքի տակ: