Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել քաղաքի հրապարակում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արվեստի գործերին, զրուցել էջմիածինցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի տարեդարձի առթիվ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է մոմավառություն և այցելել «Մաչանենց տուն» արվեստի դպրոց:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Էջմիածինը «հենց այն քաղաքն է», որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Վարչապետը, շնորհավորել է էջմիածինցիներին՝ «իրենց ձեռքերով նվաճած ազատության համար» և հույս հայտնել, որ էջմիածինցիները տեր կկանգնեն իրենց ազատությանն ու իրավունքներին։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրինականություն և ազատություն, այսօր Հայաստանի քաղաքացին իրեն զգում է հաղթանակած, և ցավոք, Հայաստանում դեռ կան ուժեր, քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, որոնք դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, որոնց մտքով նույնիսկ անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից», ֊ նշել է վարչապետը՝ շարունակելով. ֊ «Այդ մարդկանց ուղղակի հուսախաբություն է սպասվում, հին կոռուպցիոն համակարգը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ որևէ շանս Հայաստանի Հանրապետությունում չունի: Բայց ես ուզում եմ այդ քաղաքական ուժերին ասել, որ պետք չէ վատ զգալ սեփական հայրենիքում այն պայմաններում, երբ ժողովուրդը լավ է զգում: Մեր ժողովուրդը հաղթել է և մի փորձեք որևէ ձևով, անմտությամբ փչացնել այդ հաղթանակը, դա ձեզ մոտ չի ստացվելու: Դուք կարող եք միանալ այդ հաղթանակին, դուք կարող եք հանձնվել ժողովրդի առաջ, որովհետև սա սիրո և համերաշխության հեղափոխություն է: Դուք ուզում եք ամեն ինչ անել, որ այս հեղափոխությունը դառնա ցասումի, զայրույթի հեղափոխություն, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու, որովհետև Հայաստանում հաղթել է սերը, ազգային միասնությունը, և որևէ մեկը չի կարողանալու խաթարել մեր այս ժողովրդական հեղափոխությունը»։

Դիմելով էջմիածինցիներին՝ վարչապետը նկատել է, որ հոգևոր կենտրոն համարվող քաղաքն ամեն ինչով պետք է համապատասխանի իր կոչմանը: ֊ «Մեր հեղափոխությունը հաղթել է սիրով և հանուն սիրո, մեր հեղափոխությունը հաղթել է համերաշխությամբ և հանուն համերաշխության և ես ուզում եմ, որ մենք ուխտ անենք մեր հոգևոր մայրաքաղաքում: Մենք մեր երկրում չունենք թշնամիներ և թող որևէ մեր հայրենակից մեզ թշնամի չընկալի, բայց այս ամենը չի նշանակում, որ Հայաստանում կարող է լինել ամենաթողություն և ապօրինություն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, իրավունքը, արհամարհել ժողովրդի կարծիքը, արհամարհել ժողովրդի պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում: Ես ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության որոշ ուժեր հաստատուն քայլերով գնում են դեպի պատմության աղբանոցը: Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ե՛տ կանգնեք այդ ճանապարհից»:

Փաշինյանը նաև հակադարձել է իր քննադատներին՝ նշելով.

«Այսօր շատ են բողոքում, թե ՀՀ-ում բռնապետություն է հաստատվում, ոմանք շաբաթը երեք անգամ վազում են բրյուսելներ, ստրասբուրգներ, մոսկվաներ, վաշինգտոններ՝ ապացուցելու, թե Հայաստանում մի սարսափելի բռնապետական ռեժիմ է հաստատվում: Հայաստանում որևէ մեկը չի կարող բռնապետական ռեժիմ հաստատել, ով ուզում է լինի, անկախ նրանից՝ կուզի, թե ոչ: Նախ բռնապետությունը մեր արժեքներին հակառակ է: Մեր արժեքը ժողովրդավարությունն է, օրինականությունը, մեր առաքելությունը՝ ազատությունն է: Եթե որևէ մեկի մտքով անցնի Հայաստնում բռնապետություն հաստատել, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցներում: Սա է ճշմարտությունը»: