Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը:

Բացման խոսքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին «քանի որ իրոք նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունն ու նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու որոշումը»։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ մեծ ցավ է մեծ հայի, մեծ Ֆրանսիացու, աշխարհի մեծ քաղաքացու՝ Շառլ Ազնավուրի բացակայությունը, ով ավելի մեծ էր, քան աշխարհը։

«Այն ցավը, որ մեզ հարվածեց, զրկեց Ֆրանկոֆոնիային իր մեծագույն դեսպաններից», - ասել է Զոհրաբ Մնացականյանը։ Մինչ համաժողովի մեկնարկը Մարզահամերգային համալիրում հնչում էին Ազնավուրի երգերը։

Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որին նախորդող միջոցառումներն արդեն մեկնարկել են:Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ: Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում սկսվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն: