ՀՀ ազգային ժողովի «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունը խորհրդարանական մյուս ուժերի միջև կոնսենսուսի դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել է խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։

«Երբ մենք պայմանավորվում էինք ընտրություններն անցկացնել առաջիկա մեկ տարվա ընթացքում, մենք հասկանում էինք, որ այդ ժամկետների մեջ մտնում է նաև դեկտեմբերը». - ասել է նա՝ հավելելով, որ ՀՅԴ-ն կգնա ընտրությունների նոր ընտրական օրենսգրքի, ոստիկանության ենթակայության փոփոխության և ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ձևավորման առկայության դեպքում:

Նշենք, որ ավելի վաղ, «Ծառուկյան» և «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարել է, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։