Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծով ԱԺ ընտրությունների ընթացքում թեկնածուների տարածքային (ռեյտինգային) ցուցակներ չեն լինի, պարզ համամասնական ընտրակարգի կընդունվի: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով վերացվում են կոալիցիաների ձևավորման սահմանափակումները: Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմը կիջնի. ԱԺ մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4%, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6% կողմ քվեաթերթիկներ:

Բարելավվում են նաև ցուցակներում կանանց ներկայացվածության չափորոշիչները:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է:

ՀՀ Կառավարության 2018թ-ի ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քրեականացվել էր ընտրակաշառք վերցնելը: