ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է․

«Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է դադարի», - հավելելով, որ իրենք միշտ պատրաստ են եղել բանակցել՝ և հեղափոխության ժամանակ և վարչապետի ընտրությունից հետո:

«Կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերը շատ ավելի պարզ խոսեն՝ ասելու, արդյոք պատրաստվում են վարչապետի այլ թեկնածու առաջադրել, համաձա՞յն են, որ արտահերթ ընտրությունները կայանան դեկտեմբերին։ Սա շատ կարևոր է։ Պետք է շատ ուղիղ կերպով ասել։ Իհարկե, կարող են լինել պահեր, երբ անգամ հոկտեմբերի երկուսի չարամիտ նախաձեռնությունից հետո կարելի է նստել և ինչ-որ հարցեր քննարկել։ Իհարկե, հոկտեմբերի երկուսը մախինացիա էր կառավարության նպատակների դեմ»,- ասել է նա:

«Սպառնալիք չկա, կա կոչ՝ սթափ գնահատելու իրավիճակը։ Յուրաքանչյուրը կարող է շատ կարևոր մասնակցություն ունենալ։ Թեկնածու առաջադրելու դեպքում նրանք պետք է հասկանան, որ ճոճում են այն նավակը, որում իրենք են գտնվում։ Դա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»,- ասել է Նազարյան։

Լենա Նազարյանը պնդել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները լիովին բավարար են ԱԺ-ում քննարկելու նոր Ընտրական օրենսգիրքը, և իրենք մինչ այժմ որևէ հոդաբաշխ բացատրություն չեն լսել՝ ինչու ընտրությունները պետք է կայանան գալիք մայիսին։

«ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կուլիսներում պայմանավորվել են կողմ քվեարկել հոկտեմբերի երկուսի նախագծին, բայց մարդիկ արթուն են և ուշադիր։ Այլևս հնարավոր չէ թաքուն որևէ բան պայմանավորվել։ Հուսով եմ, որ նրանք լրջմիտ ու խոհեմ կլինեն, հանրության պահանջն է արագ արտահերթ ընտրություններ կազմակերպել»,- ասել է խմբակցության ղեկավարը և շեշտել՝ իրեն վարչապետի հրաժարականի հստակ ժամկետները հայտնի չեն։