Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվարանում է ասել, թե կոնկրետ երբ հրաժարական կտա։ Նա լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ եթե իրենով լիներ, արդեն հրաժարական տված կլիներ, բայց քանի որ կա դժգոհություն հանրության շրջանում, դեռ պետք է մտածել:

«Քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավելի մանրամասն պետք է մտածենք։ Երբ մենք խոսում ենք հրաժարականի մասին, մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ իրավական ընթացակարգերը իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում ու դե ֆակտո հրաժարական չի տրվում», - ասել է վարչապետը ՝ ավելացնելով, որ տեսնում է՝ հանրային շատ մեծ դժգոհություն կա իր հրաժարականի կապակցությամբ։

«Հիմա մի այսպիսի իրավիճակ է ստեղծվել՝ ես չեմ ուզում, որ մենք նմանվենք այն իշխանություններին, որից երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ ու նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ, եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս», - ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետք է այնպես անել, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի։

«Իհարկե, որևէ գործողություն չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար, բայց մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք», - ասել է նա։