ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպելու են, «կա ընդհանուր ըմբռնում»: Այս մասին հայտարարել է ինքը՝ վարչապետը լրագրողների հետ զրույցում:

Փաշինյանն ասել է, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կայացել է ոչ պաշտոնական հանդիպում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվում է պաշտոնական հանդիպումը:

Փաշինյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում պաշտպանել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը:

«Ես պատրաստվում եմ նաև այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակի և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը չի բացառել, որ հնարավոր է հանդիպի ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ: Նա հաղորդել է, որ Փարիզում հանդիպել է կուսակցության սփյուռքի կառույցների հետ:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդման եթերում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշմանը, հայտարարել է, որ եթե «ժողովուրդն ուզում է, որ ընտրությունները լինեն դեկտեմբերին, իր ուժն էլ է ուզում»: