ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն առաջարկում է, որ ՀՀ վարչապետի ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնյաների օգտվելու կարգը սահմանի կառավարությունը, իսկ օգտվողների մասին տեղեկությունները հրապարակային լինեն: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը և հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ», - ասվում է գրառման մեջ:

Այդ նպատակով ԱԺ պատգամավորը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ և 67-րդ հոդվածներով, նախաձեռնել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանառությունը:

Օրենքի նախագծով առաջարկվում է, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:

«Նաև առաջարկում եմ, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին», - ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետի ինքնաթիռով Դուշանբե էր մեկնել, մամուլում եղան հրապարակումներ, որ այդ մեկօրյա այցը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստել։ ՄԻրզոյանը պարզաբանում էր տվել այդ հարցի վերաբերյալ՝ գրելով.

«Մի քանի լրատվամիջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր և ոչ այնքան մոտ չվերթներով և կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի և հյուրանոցային վճարների վրա»։