ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, և որ ինքը պատրաստ է «յուրաքանչյուր պահի կանգնել նրա կողքին», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Եթե ներկայիս իշխանությունը ձախողվի, ապա կձախողվի ամբողջ երկիրը, յուրաքանչյուրիս երեխայի ապագան: Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ: Եթե ես կարծում եմ, որ նրա և նպատակների, և գործողությունների հաջորդակության մեջ կա այդ ազնվությունը, որը ծառայում է երկրի բարօրությանը, ապա ես միշտ կկանգնեմ իր կողքին յուրաքանչյուր պահի», - ասել է նա:

Կոստանյանը չի կարծում, որ որևէ մեկը, անկախ իր կուսակցական շահերից, պետք է խոչընդոտի ներկայիս իշխանության գործունեությանը, «ընդհակառակը՝ յուրաքանչյուր ողջամիտ մարդ պետք է օժանդակի, քանի որ դա է երկրի առաջընթացի երաշխիքը»:

«Եթե մենք ունենք հասարակական լայն կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, հետևաբար այսօրվա իշխանությունը ունի հանրային աջակցության այն մակարդակը, որը իրավական հարթության մեջ նույնպես օժանդակության կարիք ունի: Եթե կա վարչապետի որևէ թեկնածու, որն ունի ավելի լայն կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել, բայց ես չեմ տեսնում նման թեկնածուի», - ասել է Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ն վարչապետի հրաժարականի միջոցով ցրելուն: