ggShuttle-ը gg ընկերության նոր պրոդուկտն է, որի նպատակն է ներքաղաքային և միջքաղաքային երթևեկությունն ու մարդկանց տեղաշարժը դարձնել ավելի հարմարավետ, հասանելի ու մատչելի։ ggShuttle-ը gg հավելվածին կից հնարավորություն է, որի միջոցով կարելի է երթևեկել այլ մարդկանց հետ միևնույն մեքենայով ու վճարել ավելի քիչ։

Մեքենա պատվիրելիս gg հավելվածում հնարավոր է տեսնել արդեն իսկ մշակված երթուղիներն ու դրանց ժամերը, ընտրել ամենահարմարը, տեղ ամրագրել՝ քարտով վճարում կատարելով, և քաղաքի մի կետից մյուսը տեղափոխվել նույն ուղղությունն ընտրած այլ մարդկանց հետ։ gg ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը նշում է.

«Եթե մարդ պետք է Նոր Նորքից գնա կենտրոն ու վճարի, օրինակ` 900 դրամ, ապա այս դեպքում նույն ճանապարհը կարող է գնալ այլ մարդկանց հետ, ինչպես երթուղայինում, և վճարի 300 դրամ։ Մոդելը շատ հետաքրքիր է՝ մարդ խնայում է 3 անգամ, իսկ մեր գործընկերը՝ վարորդը, վաստակում է 2 անգամ շատ՝ 900 դրամի փոխարեն 1800 դրամ, որովհետև մեքենան ունի 6 մարդ տեղափոխելու հնարավորություն, իսկ յուրաքանչյուրը մուծում է 300 դրամ։ Այսինքն՝ սա երկու կողմի համար էլ շահավետ է ու հարմար։ Բացի այդ՝ վճարման գումարը միջինում կազմելու է 200-300 դրամ՝ անկախ նախապես գրանցված մարդկանց քանակից։ Եթե բավարար քանակով մարդ չի լինում տվյալ երթուղու համար, ընկերությունը վարորդին վճարում է մնացած գումարը»։

Խաչատուրի խոսքով՝ ggShuttle-ը մրցակիցների նկատմամբ ունի առավելություններ, ձևաչափային տարբերություններ, իսկ որպես «ենթակառուցվածք» ամբողջական է, նոր է ու բխում է ինչպես քաղաքացիների, այնպես էլ վարորդների շահերից։ Եթե gg taxi ծառայությունը նման էր մրցակիցներին՝ չնայած բիզնես մոդելի ու տրամադրած որակի տարբերություններին, ապա ggShuttle-ն ամբողջովին նոր պրոդուկտ է, որը լուծում է տարբեր խնդիրներ։ Այսինքն՝ այս մոդելը շատ արագ կարող է տարածում գտնել ու կիրառվել ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում։

Խաչատուրի կարծիքով ggShuttle-ը կնպաստի օդի աղտոտվածության նվազեցմանը, քանի որ մեկ մեքենայից միաժամանակ մի քանի մարդ կօգտվի, ու միևնույն պահին նույն ուղղությամբ մի քանի մեքենայի փոխարեն մեկը կգնա։ Այն նաև հարմարավետ ենթակառուցվածք է զբոսաշրջիկների համար, որոնք կունենան էժան, բայց հարմար երթևեկելու հնարավորություն։ Քանի որ տեղն ամրագրելու համար մարդիկ պետք է նախապես վճարում կատարեն քարտով, ggShuttle-ի շնորհիվ Հայաստանում ավելի լայն տարածում կսկսի ունենալ քարտով վճարելու մշակույթը։ ggShuttle-ի նպատակն է ավելի հեշտ ու հարմար տարբերակով իրար միացնել գյուղերը մարզկենտրոններին, քաղաքները՝ մայրաքաղաքին։

Հավելվածն այժմ հասանելի է և՛ iOS, և՛ Android համակարգերի համար։ Մեքենաներն այս պահին հիմնականում նախատեսված են 6 կամ 7 հոգու, իսկ առաջիկայում մինչև 12 հոգու համար։ Կլինեն նաև միջքաղաքային ավտոբուսներ։

Խաչատուրի համոզմամբ, ունեն ուժեղ թիմ, որն ամեն օր ավելի մրցունակ է դառնում, ավելի շատ է աշխատում, ու այս պրոդուկտը կարողացել են ստեղծել ընդամենը 1.5-2 ամսվա ընթացքում։