«Ռեֆորմիստների» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում աջակցություն է հայտնել Ազգային ժողովի վաղաժամկետ արձակմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, առկա ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին մեր քաղաքացիների կողմից արտահայտված հրապարակային ցանկությունը՝ Ռեֆորմիստների կուսակցությունը, իր ծրագրային դրույթներում ունենալով կայունության և պետականամետության բարձր սկզբունքներ, կողմ է արտահայտվում Ազգային Ժողովի վաղաժամկետ արձակմանը և դեկտեմբերին Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ ձգտելով երկրում հաստատել ժողովրդավարական արժեքներով կառավարվող պետական համակարգ։

Ռեֆորմիստների կուսակցությունը միաժամանակ հույս է հայտնում, որ երկրի համար այս բախտորոշ փուլում բոլոր քաղաքական ուժերին կհաջողվի երկխոսության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնել Ազգային Ժողովի նոր ընտրություններ և ձևավորել ժողովրդի կամքը արտահայտող նոր խորհրդարան», - ասված է հայտարարությունում:

Նշենք, որ Ռեֆորմիստների կուսակցությունը գլխավորում է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկինում «Հանրապետություն» կուսակցության անդամ Վահան Բաբայանը: Այս կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում ստացել էր աննշան քվեներ: