Մակեդոնիայի կառավարությունը երկրի անվանափոխության հարցով սահմանադրության փոփոխությունների գործընթաց սկսելու խնդրանքով հոկտեմբերի 8-ին դիմել է խորհրդարանին։

Մակեդոնիայի սեպտեմբերի 30-ի անվանափոխության հանրաքվեն չկայացավ՝ բոյկոտի հետևանքով․ մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել երկրի անվանափոխությանը, սակայն հանրաքվեն չկայացավ, քանի որ քաղաքացիների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր եղել։

Ընտրատեղամասերի ավելի քան 97 տոկոսում քվեների հաշվարկը ցույց է տվել, որ ընտրողների 91.3 տոկոսը կողմ է երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելուն: Սակայն անվանափոխության հակառակորդների, այդ թվում՝ նախագահԳյորգե Իվանովի և ընդդիմադիր պատգամավորների կողմից հայտարարված բոյկոտի հետևանքով ընտրողների մասնակցությունը ընդամենը 36.8 տոկոս է կազմել։

Մակեդոնիայի և Հունաստանի կառավարություններն այս տարվա հունիսին կնքել են համաձայնություն, ըստ որի Մակեդոնիան առաջիկայում կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»: Մակեդոնիայի խորհրդարանը համաձայնությունը վավերացրել է հունիսի 20-ին՝ քվեների 69-0 հարաբերակցությամբ, սակայն նախագահ Գյորգե Իվանովն այդ համաձայնությունը «հակասահմանադրական» է անվանել:

Անվան շուրջ վեճը Սկոպյեի և Աթենքի միջև սկսվել է 1991թ-ից, երբ Մակեդոնիան խաղաղ ճանապարհով անջատվեց Հարավսլավիայից՝ անկախություն հռչակելով «Մակեդոնիայի Հանրապետություն» անվան ներքո: Հունաստանը դեմ է «Մակեդոնիա» անվանմանը և այն դիտարկում է որպես տարածքային ոտնձգություն, քանի որ ունի նույնանուն շրջան:

Հունաստանի հետ վեճը խոչընդոտ է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության ճանապարհին: