Կառավարության ծրագիրը հստակ ասում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, այսինքն նվազագույն ժամկետ սահմանված չէ. հետևաբար, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, դա ոչ մի կերպ չի հակասում կառավարության ծրագրին: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ստեղծված ճգնաժամի լավագույն լուծումներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս շուտ անցկացումն է.

«Կլինի դեկտեմբերին, թե մի փոքր ուշ՝ քննարկման հարցեր են»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ մինչև դեպտեմբեր հնարավոր կլինի նորմալ ընտրություններ կազմակերպել, փոխնախարարը պատասխանեց.

«Երբ նոր իշխանությունը ձևավորվեց, արդեն կար պլանավորումը, որ շուտով լինելու են արտահերթ ընտրություններ: Այդ գաղափարը նոր չի, այնպես չի, որ ցայտնոտի մեջ ենք հայտնվում: Ցայտնոտ չկա, ժամանակ կա: Նույնիսկ եթե դեկտեմբերին էլ անցկացվի, կարծում եմ՝ բավականին ժամանակ կա նախապատրաստվելու ընտրություններին: Տեխնիկապես դա հնարավոր է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում եմ՝ պատրաստ է»:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ծանոթ է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին.

«Այն թարգմանվել է և շուտով կուղարկվի Վենետիկի հանձնաժողով»: