Կանադական «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը Բիզնես Արմենիայի աջակցությամբ 1.2 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում կհիմնի սննդային հավելումների արտադրություն։ Համագործակցության հուշագիրը ստորագրվել է ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանի և Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի միջև։

Հայաստանում նոր արտադրություն կհիմնվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած արտագնա գործարար առաքելության արդյունքում: Փաստաթղթով նախատեսվում է, որ «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերությունը Հայաստանում կհիմնի դեղորայքային միջոցների որակին և նշանակությանը մոտեցող սննդային հավելումների արտադրության և կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն։ Նախատեսվում է, որ ներդրումային ծրագիրը կմեկնարկի 2019թ. սկզբին, կստեղծվի մոտ 30 աշխատատեղ։

«Կլինիկական հետազոտությունների արդյունքում փորձված բուսական բժշկության արտադրանքը՝ բուսական դեղամիջոցներ, բնական հիմքով պրեպարատներ, կսպառվի տեղական շուկայում և կարտահանվի ԵՏՄ երկրներ»,- նշել է «Ատլաս ֆարմասյութիքալ» ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանը։

«2017-ին «Ատլաս ֆարմասյութիքալը» ձեռք է բերել «Քյու ֆարմ» ընկերությունը, ընդարձակել հետազոտական բաժինը։ Ներկայում արտադրում են սննդային հավելումներ, բուսական միջոցներ, պրոբիոտիկներ, որոնք հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար են»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։