ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ կուսակցությունը, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները, «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին»:

«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին», - մասնավորապես ասվում է հայտարարության մեջ:

Ըստ ՀՀԿ-ի, իրենք դեմ չեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, դեսպանությունների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ», - նշվում է հայտարարության մեջ: