2018թ-ի դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրած պատգամավորների թիվը հասել է 18-ի: Հայտարարությանը միացել են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Ռոբերտ Սարգսյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ռոբերտ Սարգսյանը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:

Հայտարարության մեջ ասված է.

«Պաշտպանում ենք 2018թ-ի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

Նշենք, որ հայտարարությունը ստորագրել էին նաև Աշոտ Արսենյանը, Ալիկ Սարգսյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Տաճատ Վարդապետյանը, Հակոբ Գառնիկի Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Սամվել Ալեքսանյանը, Նահապետ Գևորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Իշխան Զաքարյանը, Ավետ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը:

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային պաշտպանել են նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԱԺ ԵԼՔ խմբակցությունը: