Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացվի ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ: Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող ցուցահանդեսը տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում: ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած իրադարձության պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին:

Ցուցահանդես-տոնավաճառին կմասնակցի «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որը կներկայացնի ֆրանկոֆոն գրականություն: Մասնավորապես, կներկայացվեն ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի՝ 2017-18 թթ. ընթացքում Շուշանիկ Թամրազյանի կողմից թարգմանված «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչուն», «Գիշերային թռիչք», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» գրքերը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտնում են, որ ցուցահանդես-տոնավաճառին կներկայացվեն նաև հրատարակչության «Սասնա Ծռեր» ֆրանսերեն և հայերեն գիրքը (թարգմանությունը՝ Աիդա Չարխչյան), ինչպես նաև ճանաչված մանկագիր Յուրի Սահակյանի «Նապո չորրորդ» ֆրանսերեն թարգմանված ստեղծագործությունը: