Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը:

Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: Արաբկիրի ղեկավարի պաշտոնն ինձ համար եղել է ոչ թե աշխատանք, այլ հարթակ՝ իմ համայնքը զարգացնելու եւ հետաքրքիր դարձնելու համար: Ես կատարել եմ այս ամենն ամենայն պատասխանատվությամբ և սիրով՝ չակնկալելով որևիցե երախտագիտություն: Իսկ կատարված և չկատարված աշխատանքի վերաբերյալ գնահատականը կարծում եմ կտաք ինքներդ:

Յուրաքանչյուր գործ շարունակական է և մենք միասին պետք է զարգացնենք մեր երկիրը, որպեսզի մեր երեխաներն ունենան բարեկեցիկ և ապահով ապագա: Երկրի զարգացումն ամենակարևոր ներդրումն է, որը գոյություն ունի և վաղվա անհոգ օրվա համար պետք է աշխատել այսօր: Արաբկիրը շարունակում և շարունակելու է մնալ իմ տունը և ես, ուժերիս ներածի չափով, լինելու եմ ձեր կողքին: Մաղթում եմ բոլորիս հաջողություն»: