ՌԴ Քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Մորդովիայի գաղութում: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը:

Հայրապետյանը դատապարտվել էր 4-ամյա ազատազրկման խարդախության հոդվածով:

Նշենք, որ 2017թ-ի հոկտեմբերի 16-ին Մոսկվայից ժամանած ոմն ծանոթներ՝ 2 անհայտ տղամարդ, նրան դեղերով ծանրոց են փոխանցել: Հայրապետյանն ընդունել է առաջին հայացքից սովորական դեղերը, որոնք նախկինում էլ էր ընդունում, սակայն, նրա վիճակն անսպասելիորեն կտրուկ վատթարացել է և որոշ ժամանակ անց նա մահացել է: Այդ մասին պատմել է նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը: Բժիշկները մահ են գրանցել սրտի անբավարարությունից: Հայրապետյանի հարազատներին չի գոհացրել ախտորոշումը:

«Մահվան նախորդ օրը Հայրապետյանը զանգահարել է Հայաստան՝ եղբորը, և արքեպիսկոպոս Պարգևին, որը գլխավորում է ՀԱԵ ԼՂՀ թեմը, ասելով, որ իրեն թունավորել են»,- պատմել է Ներսիսյանը:

Ըստ փաստաբանի, Հայրապետյանն ասում էր, որ երկար չի ապրի և խնդրել էր չհուղարկավորել իրեն առանց դատաբժշկական փորձաքննության: Փաստաբանը, վերլուծելով գործարարի հարաբերություններն իր մերձավորների հետ, ենթադրել է, որ նրանք կարող էին շահագրգռված լինել Հայրապետյանի մահվան մեջ: «Հայրապետյանի ժառանգության ընդհանուր գումարը կազմում է 100 մլն դոլար, ներառյալ շարժական և անշարժ գույքը: Եվ եթե Լևոնն ազատվեր բանտից, ապա ընտանիքում տարաձայնությունների պատճառով կարող էր տնեցիներից ոմանց զրկել ժառանգության իրավունքից, ինչը նրանց համար բացարձակապես ընդունելի չէր»:

Նա դիմել է դատախազություն, շարադրելով այդ հանգամանքները, և վերահսկիչ գերատեսչությունում չեղարկել են ՌԴ ՔԿ Մորդովիայի վարչության որոշումը Հայրապետյանի մահվան հետ կապված քրգործ չհարուցելու մասին: Քննիչները լրացուցիչ կստուգեն գործարարի մահվան հանգամանքները: