Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 25 անձ. նախնական տվյալներով ՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 587.4 մլն դրամ կամ $1,2 մլն հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ներգրավված մեղադրյալներից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախնական քննության տվյալներով՝ գործակալությունում չարաշահումները կրել են տևական բնույթ՝ 2013թ-ից մինչև 2018թ-ի հունիս ամիսը. գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակում, ձևակերպվել ապօրինի նպաստներ, իսկ փոխանցված գումարը՝ յուրացվել:

Գործակալության աշխատակիցները, նշված առերևույթ հափշտակությունները կատարելիս, առանձին դեպքերում գործակցել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքը սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել 25 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 19-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հոկտեմբերի 5-ի դրությամբ ՝ նշված գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.5 մլն դրամ: Ա. Ղարաքեշիշյանի և գործակալության աշխատակից հանդիսացող մյուս մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով: