Ինգուշեթիայում կրքերը չեն հանդարտվում: Հազարավոր մարդիկ հոկտեմբերի 4-ից փողոցում բողոքում են Չեչնիայի և Ինգուշեթիայի ղեկավարների կնքած համաձայնագրի դեմ, ըստ որի՝ Ռուսաստանի հյուսիսկովկասյան երկու հանրապետությունները տարածքներ են փոխանակել և Չեչնիային է անցել մի շրջան, որը ինգուշներն իրենց հողն են համարում:

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչներ՝ Ինգուշեթիայի Համաքաղաքացիական ֆորումի ղեկավար Մուսա Մալսագովի և թեյփի խորհրդի ղեկավար Մալսագ Ուժախովի դեմ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին «Դոժդ» հեռուստաընկերության եթերում պատմել է «Ինգուշեթիայի հենարան» շարժման ղեկավար Բարախ Չեմուրզիևը:

Հանրապետությունում արդեն մի քանի օր է՝ չկա նորմալ ինտերնետ, կապ, ինգուշ ակտիվիստների դեմ քրեական գործեր են հարուցվել իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու հատկանիշներով: Հոկտեմբերի 10-ից այս բողոքի ակցիաները Ինգուշեթիայում արտոնված են: Իշխանությունները ցուցարարներին հատկացրել են հատուկ տարածք, սակայն սրա հետ մեկտեղ քրեական գործեր են հարուցում ակտիվիստների դեմ և կարծես թե չեն շտապում չեղարկել համաձայնագիրը:

Տարածքներ փոխանակելու մասին համաձայնագիրը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ու Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովը ստորագրել են սեպտեմբերի 26-ին: Հոկտեմբերի 4-ին այն վավերացրել է Ինգուշեթիայի խորհրդարանը, և սկսվել են բազմահազարանոց հավաքներ: Պատգամավորների մի մասը հայտարարել են, թե իրենց ձայները կեղծել են:

Երեկ այս հարցը պետք է կրկնական քվեարկության դրվեր Ինգուշեթիայի խորհրդարանում, սակայն քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ: Համաձայնագրի դեմ բողոքողները պահանջում են չեղարկել այն և տվյալ հարցով հանրաքվե անցկացնել:

Թե՛ Ինգուշեթիայի, թե՛ Չեչնիայի ղեկավարները համարվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ թիմակիցները: