Վերջին շրջանում ակտիվ քննարկվում են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանի արձանագրած հաջողություններն ու անհաջողությունները։

Նախքան Քոչարյանի իշխանության գալը Արցախյան (Ղարաբաղյան) բանակցությունները ընթանում էին եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Արդյունքում Արցախի խնդիրը ընկալվում էր Ադրբեջանի և այդ երկրից անկախանալ ձգտող մի հատվածի միջև հակամարտություն, որում Հայաստանը սատարում էր կողմերից մեկին։ Այդ իրավիճակում միջազգային հանրության վերաբերմունքը բավականաչափ հայանպաստ էր, և առավել շատ քննարկվում էր ազգերի ինքնորոշման և ինքնապաշտպանության իրավունքը։

Սակայն Քոչարյանը անցնելով իշխանության գլուխ բանակցություններից հանեց Արցախը։ Արդյունքում խնդիրը սկսեց ընկալվել որպես Հայաստանի և Ադրբեջանի հակամարտություն, իսկ Հայաստանը մի երկիր, որն ուզում է Ադրբեջանից տարածք վերցնել։ Հարևան երկրից տարածք խլելը շատ բացասական է ընդունվում աշխարհում։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ լուրջ հետընթաց արձանագրվեց նաև էներգետիկ անկախության ոլորտում, և պետության էներգետիկ ենթակառուցվածքների մի զգալի մասը հանձնվեց Ռուսաստանին։

Մասնավորապես․

2002թ-ին ստորագրվեց «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը, որով ընդամենը 98․000․000 $ պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց Մարս գործարանը, Կառավարման ավտոմատացված համակարգերի ինստիտուտը, «Մերգելյան» ինստիտուտը, Նյութաբանության արտադրական և գիտահետազոտական ձեռնարկությունը, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը։

2003թ-ին ռուսական պետական ИНТЕР РАО ЕЭС հավատարմագրային կառավարմանը հանձնվեց հայկական ատոմակայանը։

2006թ-ին գազի գինը չնչին չափով չբարձրանալու դիմաց Հայռուսգազարտին հանձնվեց Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հինգերորդ էներգաբլոկը։ Ռուսական կողմի պահանջով կրճատվեց Իրան-Հայաստան կառուցվելիք գազատարի տրամաչափը՝ 1420մմ-ից դարձավ 700մմ։ Ընդ որում 2008թ-ին անգամ այդ փոքր տրամաչափով գազատարը հանձնվեց Հայռուսգազարտին։

2008թ-ին ռուսական երկաթուղու հավատարմագրային կառավարմանը հանձնվեց հայկական երկաթուղին, արդյունքում Քոչարյանի նախագահության ավարտին Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքը հայտնվեց Ռուսաստանից էական կախվածության մեջ։ Եվ դրա մեծ մասը պարզապես դարձավ Ռուսաստանի սեփականությունը։