Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնեց․

«Դաշնակցությունը վաղուց է հայտարարել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է։ Պետք է քաղաքական զարգացումների հետ կապված տրամաբանություն գոյություն ունենա։ Յոթ հոգով թեկնածու առաջադրելը լուրջ չէ։

Մենք երբեք էլ չենք պատրաստվել։ 2017թ-ի ընտրություններից հետո ՀՅԴ-ն թեկնածու չի պատրաստվել առաջադրել, որի մասին բազմիցս ասել ենք, որի պատճառով էլ չենք առաջադրել»,- ասաց նա։

Այն մասին՝ ԱԺ մուտք պետք է գործեն չորս, թե երեք քաղաքական ուժեր, Ռուստամյանը նշել է․

«Ժողովուրդն ինչպես կորոշի, թող այդպես էլ լինի՝ չորս, տասնչորս, դա ժողովրդի որոշելիք հարցն է»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ հստակություն չկա՝ ինչ ձաչափով է ՀՅԴ-ն մասնակցելու առաջիկա ընտրություններին։

Նրա խոսքով, եթե ընտրությունները տեղի են ունենում, ապա պետք է կայանան կառավարության ծրագրի տրամաբանությանը համապատասխան:

«Եթե այս ծրագրում գրվել էր, որ խորհրդարանակա ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում, հենց այնպես չէր գրված: Կան քայլեր, որոնք պետք է կատարվեն, և դրանց համար մեկ տարին լիուլի բավարար է: Բայց, եթե ասում են, որ դեկտեմբերը մեկ տարի է, մայիսն էլ է մեկ տարի,բայց դեկտեմբերի մի տարին տրամաբանության մեջ չի մտնում: Դեկտեմբերին անցկացնելը շատ հապշատպ, ափալ-թափալ կլինի: Ծրագրի մեջ առանձին գլուխ նվիրված է ընտրություններին, որի համար պետք է արվի երկու հստակ քայլ` նոր Ընտրական օրենսգրքի ընդունում, ոստիկանության ենթակայության փոխանցում կառավարությանը»,- շեշտեց Ռուստամյանը` նկատելով, որ միայն դրանից հետո պետք է բխեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը: Պատգամավորը հավաստիացրեց, որ ՀՅԴ-ն, այսօր չլինելով կառավարությունում, պաշտպանում է կառավարության ծրագիրը:

Արմեն Ռուստամյանը ՀՅԴ-ին տեսնում է նոր խորհրդարանում․

«Դաշնակցությունն այս երկրում եղել է։ Եղել է, որ ՀՅԴ-ն միայն մեկ պատգմավոր է ունեցել ԱԺ-ում, բայց միևնույն է, եղել է: Թող մյուս քաղաքական ուժերը մտածեն, որ մի անձի շուրջ են ստեղծվել: ՀՅԴ-ի գաղափարական քաղաքական հիմքը քանի կա, այն լինելու է, և բոլորը պետք է հաշվի նստեն այդ փաստի հետ՝ որքան էլ ոմանց ՀՅԴ-ն դուրը գա կամ չգա»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով իրենց տեսակետը հուշագրով ամրագրելու վերաբերյալ հարցին` ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց` ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում:

Նա հիշեցրեց` իրենք հինգ խնդիր են դրել, որի շուրջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը սկսվել է:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն, հուշագիր ստորագրած չլինելու պարագայում, կարող է սատարել ՀՀԿ-ի վարչապետի հնարավոր թեկնածուին, Արմեն Ռուստամյանը շեշտեց. «Ոչ, մենք մեր խնդիրներն ու ծրագրերն ունենք։ Մենք որևէ մեկի ասածով չենք առաջնորդվելու»։