ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը վստահ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա:

«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումներին։ Վստահ եմ, որ հանդիպում կլինի, սակայն չեմ կարող ասել՝ երբ և որտեղ կլինի։ Կարծում եմ, որ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ջորջ Քենթը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմում կազմակերպվում է Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպում։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին կժամանի տարածաշրջան: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է նա՝ նշելով, որ այցի շրջանակներում կլինի նաև Հայաստանում։

«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- գրել է Բոլթոնը: