ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրավերով Մոլդովայում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը՝ հոկտեմբերի 9-10 Քիշնևում անցկացվող տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Այն նվիրված էր «Գրացի հանձնարարականները արդարադատության մատչելիության վերաբերյալ և ազգային փոքրամասնությունները» թեմային: Գրացի հանձնարարականները 10-ն են և ընդունվել են 2017թ-ի նոյեմբերին, ավստրիական Գրաց քաղաքում:

Կոնֆերանսի մասնակիցների շրջանակը բավական լայն էր, մասնակցում էր 75 ներկայացուցիչ Արևելյան գործընկերության հինգ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) և Ռումինիայի արդարադատության ակադեմիաներից, ինստիտուտներից, դպրոցներից, Մոլդովայի Հանրապետության դատական ​​համակարգից, Դատախազների բարձրագույն խորհրդից, Գլխավոր դատախազությունից, Իրավաբանների միությունից, ԵԱՀԿ-ից և ԺՀՄԻԳ-ից (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ինչպես նաև Մոլդովայի գիտական ​​շրջանակներից: Երկօրյա կոնֆերանսի նպատակներից էին քննարկել հիմնական հարցերը և փոխանակվել փորձով, նաև դատավորների, դատախազների և իրավական ոլորտի այլ մասնագնետների համար վերոնշյալ թեմայի շուրջ վերապատրաստումների անցկացման համար արդյունավետ լուծումներ գտնել, ազգային փոքրամասնությունների համար արդարադատության մատչելիության բարելավման նպատակով տարածել Գրացի հանձնարարականները, ամրապնդել և ընդլյանել համագործակցությունը տարբեր երկրների արդարադատության ակադեմիաների միջև և այլն:

Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես եկավ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ մասնակիցներին ներկայացնելով «ՀՀ-ում արդարադատության հասանելիությունը ազգային փոքրամասնությունների համար» զեկույցը: Ռեկտորը ներկայացրեց Հայաստանում ազգային փոքրամասնությունների, պետական և հասարակական սեկտորում նրանց ներկայացվածության, Ակադեմիայի գործունեության, ազգային փոքրամասնությունների կողմից իրավաբանության՝ որպես մասնագիտության նկատմամբ ունեցած հետաքրքրության, Ակադեմիայում վերապատրաստման շրջանակում նշյալ թեմային առնչվող դասընթացների, Գրացի հանձնարարականների կիրառման և այլնի մասին: