Այսօր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանում, մասնավորապես ծանոթանում է Հյուսիսային պողոտայում տեղակայված տաղավարներին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով՝ նա անդրադարձավ վարչապետի թեկնածու առաջադրվելու, բայց չընտրվելու տարբերակին:

«Դա քաղաքական հարց չէ, դա իրավական հարց, է և իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում, ճիշտն ասած՝ օրվա երկրորդ կեսի քննարկումների արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ ընդհանրապես այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»,- ասաց նա:

Նա նաև նկատեց, որ մեկնաբանություններ կան, որ, եթե անգամ առաջադրվի, հնարավոր է՝ պատգամավորները չներկայանան, և քվորում չլինի:

«Դա իրավաբանական խնդիր է, ես չցանկացա, որ որևէ նրբերանգ անտեսվի, որ ամեն ինչ ճշգրիտ լինի, բայց երեկ այդպիսի քննարկումներ կային, և ներկա հեղինակավոր իրավաբանների մի մասը ասում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա՛մ առանձին կմասնակցեն, կա՛մ «Իմ քայլը» դաշինքով: Նա նշեց, որ մեծ հավանականությամբ այդ դաշինքով էլ կլինի մասնակցությունը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել:

Հարցին՝ «Ելք» խմբակցության գործընկերները կլինեն այդ դաշինքում, նա ասաց, որ չի կարծում, քանի որ արդեն ասաց, որ ավագանու ընտրությունների ֆորմատով է հնարավոր: