ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պետք է քննարկվեր «2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի հեղինակներն են «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Օրենքի նախագծում նշված է, որ նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ օրինագծի քննարկումը հետաձգվում է։

«Հեղինակը մեզ տեղեկացրեց, որ հետաձգում է նախագծի քննարկումը՝ հիմք ընդունելով, որ կառավարությունում դեռևս քննարկվում են ձևակերպումների հետ կապված հարցեր։ Հետևաբար, այս հարցն այսօր քննարկումից հանում ենք»,- նշեց Կոստանյանը։