Նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նանա Դարասելիայի նախագահությամբ, Վիրահայոց թեմի կողմից Հանրային Ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացող վեճի շրջանակներում տեղի է ունեցել Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով հետաձգված դատական նիստը: Դատական նիստին ներկայացել էին ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունից լիազորված անձինք։ Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի պաշտոնալան էջից։

Նիստում դատարանը քննարկել է կողմերի ճանաչման հարցը և վճռել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը իրավամբ ներկայացնում է շահագրգիռ կողմ նշված հարցի կապակցությամբ:

Վիրահայոց թեմի երկրորդ հայցապահանջը, որը քննարկվում է որպես առանձին գործ, էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ է: Դատական գործընթացի մասնակից 3-րդ կողմի՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջնորդությամբ, գործի էական քննարկումը դադարեցվել է երկու հայցապահանջները որպես մեկ ամբողջական գործի մաս քննարկելու առաջարկությամբ: Հայցվոր կողմը համաձայնել է սույն միջնորդությանը: Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 24-ին:

Այս եկեղեցու համար երկրորդ հայցապահանջը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է` այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին վրաց պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը: