Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ նա կալանքից ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Փոխանցում է Panorama.am-ը։

Նա արդեն ազատության մեջ է։ Դատարանին Հենրիկ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություն ներկայացրել էր նրա փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008թ-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։

ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

Հոկտեմբերի 13-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողներին ասել էր, Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենք-ռազմամթերքը կապ չունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ։