Երեկ հիվանդանոց տեղափոխված ստամբուլահայ նկարիչ Արա Գյուլերի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա 90 տարեկան էր։ Նրա մահվան լուրը հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Բժիշկների խոսքերով, վերջին ժամերին Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում էր, նրա սիրտը երկու անգամ կանգ էր առել: Թեև բժիշկներին հաջողվել էր վերականգնել սրտի աշխատանքը, սակայն պատկառելի տարիքը թույլ չի տվել հաղթահարել ճգնաժամը, Գյուլերը մահացել է սրտի անբավարարության հետևանքով:

Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։

Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք:

Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր և ազգային հավաքածուներում: