2018թ. հոկտեմբերի 25-ին ժամը 19։00-ին Ջավախքի Հեշտիա գյուղում տեղի է ունենալու Վրաստանում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը` այս անգամ եռակողմ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվելու է «Կարիտաս Վրաստան»-ի հովանավորությամբ և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործընկերությամբ:

Բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Բատիաշվիլին (ենթակա է հաստատման), Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, «Կարիտաս Վրաստան»-ի, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար կազմը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ջավախքցի հյուրեր և լաբորատորիայի սաներ:

Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները նպաստելու են Ջավախքում ուսուցողական և կրթական նոր ծրագրի ներմուծմանը, ինչպես նաև աջակցելու ՏՏ ոլորտում ներդրումային ծրագրերի գործընթացին: