ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին՝ որակելով որպես «միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին»:

«Ուշադրություն դարձրեցինք Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին: ԱՄՆ դեսպանը հայտնեց, որ իր երկրի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը վերջին տասնամյակներին նպատակաուղղված ձևով սատարել է հայ հանրության որոշ խմբերին և կառավարության որոշ ներկայացուցիչներին: Ընդ որում ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսում էր միանգամայն բացահայտ, նույնիսկ հպարտությամբ: Չէ որ այդ ամենն, իբր, արդարացված էր և հարկավոր էր բարի նպատակի համար՝ Հայաստանն առավել արդար ու թափանցիկ հանրությամբ պետություն դարձնելու համար,-ասել է Զախարովան, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է նաև, որ դեսպան Միլսն իր հրաժեշտի ուղերձում մաղթել է ՀՀ քաղաքացիական հանրությանը «վերահսկել կառավարության գործունեությունը», իսկ ԱՄՆ կողմից ՀՀ-ին հատկացվելիք լրացուցիչ ֆինանսական միջոցների զգալի մասը կուղղվի Հայաստանում քաղաքացիական հասարակությանն աջակցելուն:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս ԱՄՆ-ն քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ 2019թ-ին ԱՄՆ-ն մտադիր է տրամադրել ավելի քան 26 մլն դոլար` 2018թ ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավելի է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից: Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին: