Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Մենք նախապատրաստվում ենք արտահերթ ընտրությունների և քաղաքական իրավիճակը հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն են ունենում»:

Նա հույս հայտնեց, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի.

«Ընդհակառակը, ավելի ինտենսիվ պետք է դառնան մեր աշխատանքները, որովհետև այո, նախընտրական փուլ ենք թևակոխելու, մյուս կողմից նաև այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար:

Օգտվելով առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, սա շատ լավ ժամանակաշրջան է առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար: Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի չքաղաքականացված հատվածը կօգտագործի այս ժամանակահատվածը՝ արդյունավետ աշխատանքի համար»,- հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել, իսկ դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանում տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: