Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաք Երևանը կնշի իր հիմնադրման 2800-ամյակը: Քաղաքում կանցկացվեն հանդիսություններ, բազմաթիվ միջոցառումներ:

Հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00, մուտքը կլինի ազատ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Տոնական հանդիսությունները կմեկնարկեն վաղ առավոտյան՝ 08:00-ին, Երևանյան մարաթոնով, որը սկիզբ կառնի Ս. Շահումյանի անվան հրապարակից և կշարունակվի մինչև 14:30:

- «Բազմազգ Երևան» խորագրով միջոցառումը կհամախմբի ազգային փոքրամասնությունների կատարողներին, որոնք հանդես կգան համերգով Անգլիական այգում՝ 12:00-18:00-ն:

- «Սիրահարդ եմ երևան» հեծանվավազքը կանցկացվի 12:00-13:00-ին, այն կմեկնարկի Շահումյանի հրապարակից:

- «Արևային Երևան» տոնական մանկական ծրագիրը կներկայացվի 13:00-18:00 Կիրովի անվան մանկական զբոսայգում:

- «Տոնական Երևան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը կանցկացվի 14:00-15:00: Շքերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով և կհասնի Հանրապետության հրապարակ:

- Դասական երաժշտության հարթակ կգործի Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց 14:00-18:00:

- Բենդերին բեմահարթակ կտրամադրվի Հյուսիսային պողոտայում 15:0018:00՝ «Երևանյան էսքիզներ» խորագրով:

- Ազգային երգ ու պարը կհնչի Ազատության հրապարակում 16:00-22:00:

- Ջազ երաժշտության բեմահարթակը կգործի Կասկադում՝ 16:00-21:00:

- «Երևանյան ռոք» խորագրով համերգը տեղի կունենա Ազնավուրի հրապարակում՝17:00-22:00-ն:

- Տարազի ցուցադրություն կլինի Հյուսիսային պողոտայում 18:00-19:00-ն՝ «Ուրարտուից մինչև օրս» խորագրով:

- Գալա համերգը կլինի Հանրապետության հրապարակում 19:30-21:00-ն:

- Հրավառությունը կլուսավորի երկինքը 21:30-ին:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում: