Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստը, որի ընթացքում տեղի ունեցան նաև ֆեդերացիայի նախագահի ընտրություններ:

ՀԲՖ ներկայիս նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում: Ֆեդերացիան կրկին կունենա 4 փոխնախագահ, ահա նրանք. Արա Պողոսյան, Վահագն Հարությունյան, Ջեկ Գալաջյան և Սուրեն Զոհրաբյան: Եթե Պողոսյանը, Հարությունյանը և Զոհրաբյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում, ապա Ջեկ Գալաջյան առաջին անգամ է դառնում ՀԲՖ փոխնախագահ: Նշվեց, որ ԱՄՆ-ում բնակվող Ջեկ Գալաջյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում Հայաստանում մանկապատանեկան բասկետբոլը զարգացնելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով 2017 թվականին կատարված աշխատանքները: ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը խոսեց 2018 թվականի ծրագրերի վերաբերյալ: