Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշել է․

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ևս ոստիկանությունն աննախադեպ վերահսկողություն է իրականացնելու»։

Ոստիկանապետը չցանկացավ զուգահեռներ անցկացնել նախկին ոստիկանության աշխատանքի հետ, սակայն նշեց, որ այսօրվա ոստիկանությունը միանշանակ տարբերվում է։

«Ուժեղ ու բանիմաց ոստիկանության աշխատանքի արդյունքում ունեցանք ավագանու լավ ընտրություններ, կան տարբեր կարծիքներ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա։ Ես, լինելով այդ կառույցի ղեկավարը, գոհ եմ համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից, այն, ինչ չէի կարող ասել մայիս-հունիս ամիսներին, բայց ներկայիս ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները»,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը։

Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունների, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերի ընթացքում ոստիկանության իրականացրած ծառայությունը վկայում է այն մասին, որ միայն պրոֆեսիոնալ ոստիկանությունը կարող է նման ծառայություն իրականացնի:

Դիտարկմանը, թե ոստիկանության շարքային աշխատակիցներն, ըստ էության, չեն փոխվել, ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության աշխատանքի նման պատկերը, այսինքն՝ նախկինում քաղաքական հրահանգի պատճառով նման պատկեր չկա՞ր, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց.

«Ժամանակաշրջանն է ստիպել, որ մեր մոտեցումներն այլ լինեն և ներկայիս ստեղծված իրավիճակին ոստիկանությունն ըմբռնումով մոտեցավ, իմ տված հանձնարարականներն ու հրամանները կատարեցին ճիշտ և ժամանակին»։

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը տիրապետում և տիրապետելու է իրավիճակին ոչ միայն ընտրությունների օրն, այլև դրան նախորդող ժամանակաշրջանում։

«Մենք տեղեկացված ենք ամեն ինչից, հավաստիացնում եմ ձեզ՝ այս պահի դրությամբ և հենց ընտրության օրն էլ որևէ անհանգստանալու խնդիր չեմ տեսնում», - ասաց նա։

Ինչ վերաբերում է ընտրությունների ցուցակներին, Օսիպյանը նշեց, որ նման գերազանց ցուցակներ երբևիցէ չեն եղել.

«Որևէ մեկը չի կարող բացասական կարծիք հայտնել ավագանու ընտրությունների ցուցակների մասին։ Գերազանց, նմանատիպ ցուցակներ չեն եղել և ԱԺ ընտրություններում ևս ունենալու ենք այդպիսի ցուցակներ»։