Գործադիրը հավանություն է տվել 2018թ. փետրվարի 14-ին Երևան քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին:

Գործադիրը հավանություն է տվել 2018թ. փետրվարի 12-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս զարգացնել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև փոխադարձ համագործակցությունը, ինչպես նաև գործարար կապեր ստեղծել երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների միջև:

Հավանության է արժանացել 2018թ. սեպտեմբերի 4-ին և 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Շրջանակային ծրագիր՝ ուղղված ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը» ֆինանսավորման համաձայնագրի N 2 լրացման վերաբերյալ» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը: Ֆինանսավորման համաձայնագրի գործողություններն ուղղված են աջակցելու ՀՀ կառավարությանը` իրականացնելու բարեփոխումների օրակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է այնպիսի փոխկապված խնդիրներ, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի կայունությունը, արդյունավետ կառավարումը, մարդու իրավունքները և գենդերային հավասարությունը: