Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել. վերջինիս մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն վարույթ է ընդունվել Ազատամուտ համայնքի ղեկավարի, ինչպես նաև՝ նույն համայնքի կոմունալ ծառայության տնօրենի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործերը հարուցվել են Տավուշի մարզի նույն համայնքի ղեկավարի և համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ, որոշում է կայացվել քրեական գործերի նախաքննությունը մեկ վարությում շարունակելու մասին:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2017թթ-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժ.Մարտիրոսյանը համայնքի բյուջեից ստացել և առերևույթ յուրացրել է իր անվամբ դուրս գրված և որպես գործուղման վճարներ ձևակերպված ընդհանուր 276.000 ՀՀ դրամ զգալի չափերով գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Ժ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում էր կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: